Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ալիևը Նեթանյահուի, Էրդողանի ու Ռոհանիի միջև

Ալիևը Նեթանյահուի, Էրդողանի ու Ռոհանիի միջև
26.12.2017 | 01:26

Անդրկովկաս-Մերձավոր Արևելք հարաբերությունների համակարգում Ադրբեջանը միշտ հայտնվել ու հայտնվում է բարդ դրության մեջ` հաճախ կորցնելով խորքային հեռանկարը։ Հայտարարելով «Մեկ ազգ, երկու պետություն» դոկտրինն ու Անկարայի հետ ալյանս կազմելով` Բաքուն անխուսափելիորեն հարուցել է Թեհրանի հակազդեցությունը, որ զգուշանում է Անդրկովկասում Թուրքիայի հզորացումից ու աշխարհաքաղաքական հակակշիռ է կառուցում` աջակցելով Երևանին։ Երբ Ադրբեջանը սկսեց ռազմատեխնիկական ու քաղաքական համագործակցություն Իսրայելի հետ` Իրանը նախազգուշացրեց` հայտարարելով. «Իսրայելը կարմիր գիծ է մուսուլմանների համար» և կոչ արեց գործողություններ չձեռնարկել այդ պետության հետ հարաբերությունների զարգացման համար։ Մի ժամանակ կանխատեսվում էր Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել հավանական «առանցքային ալյանսի» ձևավորման մասին` տարբեր երկրների, այդ թվում` Վրաստանի, ներգրավումով։ Բայց Անկարան` բախվելով Իսրայելին նախ պաղեստինյան ուղղությամբ, հետո` քրդական, կտրուկ սրեց հարաբերություններն Իսրայելի հետ ու ալյանսից դուրս մնաց։ Բաքվի քաղաքական գործիչները ծրագրում էին միջնորդ դառնալ Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունների կարգավորման մեջ, որ չհայտնվեն «բարեկամի թշնամու բարեկամի» իրավիճակում։ Սակայն, երբ Սիրիայում սկսվեցին Անկարայի ու Թեհրանի դիրքորոշումների մերձեցման գործընթացներ, Բաքուն հայտնվեց բարդ ընտրության առաջ Թուրքիայի ու Իսրայելի միջև։ Ադրբեջանը փորձում է պահպանել ստատուս քվոն երկու պետությունների հետ հարաբերություններում։ Իրավիճակի առանձնահատկությունն է, որ հիմա Բաքուն սկսել է իր կողմը քաշել Թուրքիային։ Այս տարվա սեպտեմբերին Անկարան համարյա բացահայտ կոչ արեց «եղբայրական Ադրբեջանին վերանայել իր հարաբերությունները Թել Ավիվի հետ»` սպառնալով դադարեցնել ադրբեջանական նավթի տարանցումը Իսրայել թուրքական Ջեյհան նավահանգստով։ Ադրբեջանական էլիտայի մի մասը Մերձավոր Արևելք դուրս գալու հեռանկարները սկսեց գնահատել իբրև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը իր սցենարով կարգավորելու հնարավորություն։ Մյուս մասը մեծագույն վտանգ էր տեսնում։ Այս հարցի քննարկումը Բաքվում չի ավարտվել, թեպետ ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ ստեղծված երուսաղեմյան ճգնաժամում Ադրբեջանի հանդես գալը իսլամական պետությունների կողմում և ՄԱԿ-ում բանաձևին կողմ քվեարկելը, որը դատապարտում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելն ու դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ փոխադրելը, ի հայտ բերեց տարածաշրջանում ուժերի նոր դասավորություն։ Առաջին` Բաքուն փաստացի աջակցեց Թուրքիայի կտրուկ հակաամերիկյան հայտարարություններին։ Երկրորդ` Անկարայի ու Թեհրանի հետ հայտնվեց հակաիսրայելական ճակատում։ Ճիշտ է` Ադրբեջանը, ի տարբերություն Թուրքիայի ու Իրանի, չհանդգնեց հրապարակավ կտրուկ հանդես գալ ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ։ Բայց Բաքվի նկատմամբ ուժի մեջ է մնում ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիկի Հեյլիի սպառնալիքի իրականացման հնարավորությունը` «հիշել` ով ինչպես է քվեարկել»: Իսրայելը հասկացրեց, որ «առավել կարևոր է համարում հարաբերություններն Ադրբեջանի հետ», որ այս հարցում կիսում է Անկարայի դիրքորոշումը։ Հիմա Բաքվում հայտարարում են, որ «Ադրբեջանի դիրքորոշումը ոչ մի կերպ չի ազդում Իսրայելի ու Թուրքիայի հետ հարաբերությունների ու հետագա ծրագրերի վրա»: Բայց դա Բաքվին ակտիվորեն ներգրավում է Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքականության մեջ, որտեղ պահպանել հավասարակշռված արտաքին քաղաքականություն գործնականում արդեն անհնար է։


Օրերս Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը կոչ արեց վերանայել տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ։ Իսրայելի գլխավոր շտաբի պետ Գադի Այզենկոտը հարցազրույց տվեց սաուդական Elaph թերթին ու բարձրաձայնեց Իսրայելի պատրաստակամությունը «արաբական պետությունների հետ համատեղ կոալիցիա ստեղծել Իրանի տարածաշրջանային էքսպանսիայի դեմ պայքարի համար»: Նրա խոսքով` հենց «Իսրայելը զգա ռեալ սպառնալիք իր անվտանգությանը, իշխանությունները քաղաքական բառապաշարից կանցնեն ուժային գործողությունների, ոչ միայն Սիրիայում, այլև այլ տարածաշրջաններում, որտեղից բխում է հնարավոր սպառնալիքը»: Եվ դա վերջերս Սաուդյան Արաբիայի ու Իրանի, նաև Թուրքիայի հարաբերությունների կտրուկ սրման պայմաններում։ Թուրք քաղաքագետ Էնգին Օզերը կարծում է, որ Բաքուն «սերտ համագործակցում է Իսրայելի հետ, այս թվում` ռազմական ոլորտում և եթե միջպետական մակարդակի կոնֆլիկտ ստեղծվի, որոշակի վտանգ կա Ադրբեջանի համար»։ Որտե՞ղ ու ու՞մ կողմից կլինի Բաքուն իր դաշնակիցների ու գործընկերների դիմակայության դեպքում, եթե իրադարձությունները զարգանան ֆորսմաժորային սցենարով։
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Իրականում Ալիևը մեկ խնդիր ունի` 2018-ի նախագահական ընտրությունները, մնացածներն ածանցյալ են։ Ամենայն հավանականությամբ` նա արտաքին քաղաքականության մեջ կտրուկ քայլեր չի անի և կփորձի հավասարակշռել իրավիճակը արտաքին աշխարհում, իսկ ներսում կփորձի ֆիկտիվ ընդդիմություն ձևավորել ու նրանց հաշվին ժողովրդավարության պատրանք ստեղծել։ Կամ` քիչ թե շատ ընդդիմադիրներին ընդհանրապես կվերացնի: Գլխավոր խնդիրը` ո՞վ, ի՞նքը, թե՞ առաջին փոխնախագահը կլինեն նախագահի թեկնածու: Ալիևնե՞րը, թե՞ Փաշաևնե՞րը, ու՞մ դրոշի տակ է անցնելու հաջորդ տասնամյակը Ադրբեջանում, թեև ամուսինների միջև ի՞նչ տարբերություն` Հեյդար Ալիևն էլ մեծանում է։ Իսկ մինչ այդ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել` Երուսաղեմի իրավիճակի վերաբերյալ: Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիևին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի կարգավիճակը ճանաչող բանաձևի ընդունմանն աջակցելու համար։ Շնորհք ունենար` մեզ էլ կզանգեր։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ